Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման սահմանափակման վերաբերյալ միակողմանի մորատորիումից։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։

Գործակալությունը այս որոշումը բացատրել է Ռուսաստանին հարակից տարածաշրջաններում «համատեղ Արևմուտքի» կողմից «անկայունացնող հրթիռային ներուժի» կուտակմամբ։

Արտգործնախարարությունից հայտնել են, որ ՌԴ ղեկավարությունն ապագայում «ամերիկյան և արևմտյան այլ հրթիռների տեղակայման վերլուծության հիման վրա» քայլեր կձեռնարկի հրթիռների հնարավոր տեղակայման ուղղությամբ։ Այս տեսակի սպառազինությունները մինչև 2019 թվականը սահմանափակվել են 1987 թվականին ստորագրված պայմանագրով։ Ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին՝ հայտնելով, որ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներից մեկը խախտում է դրա պայմանները։

Մոսկվան հայտարարել է, որ չի տեղակայի իր հրթիռները այն տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ-ն դա չի անի: 2019 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է արևմտյան երկրներին միանալ մորատորիումին: Դեկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սահմանափակումները անվանել է «անկենսունակ»:

Կրեմլն ավելի վաղ արդեն հայտարարել է, որ պայմանագրով արգելված նոր հրթիռներ է նախագծում։ Ռուսաստանում հայտարարում են, որ արձագանքում են Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայման նախապատրաստմանը։ Բեռլինն իր հերթին հրթիռները կապել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ և դրանք անվանել Ռուսաստանին զսպելու միջոց։

Միջին և փոքր հեռահարության հրթիռները ցամաքային բալիստիկ և թևավոր հրթիռներ են, որոնք ի վիճակի են հաղթահարել 500-ից մինչև 5500 կիլոմետր հեռավորություն և որպես կանոն, կրում են միջուկային մարտագլխիկ։ Ենթադրվում է, որ նման հրթիռների՝ թիրախներին մոտ լինելը և կարճ թռիչքի ժամանակը կարող են թույլ չտալ հարձակման ենթարկված կողմին պատասխանել հակառակորդի միջուկային հարվածին։