Արման Մանուկյանը ՀՀ առողջապահության ոլորտում այն եզակի դեմքերից է, ով ոչ միայն յուրացրել է մերսման արվեստը, այլև վերածել այն գիտակցված մշակույթի։ Նրա ջանքերով Հայաստանում ձևավորվում է նոր մոտեցում՝ մերսումը դիտարկելով ոչ թե որպես շքեղություն, այլ՝ բուժական անհրաժեշտություն։ Մասնագիտական նվիրվածությամբ ու կազմակերպչական բացառիկ կարողություններով նա հիմք է դրել մերսման բաց առաջնություններին՝ միավորելով թե՛ փորձառու մասնագետներին, թե՛ սկսնակներին։ Արմանը միաժամանակ նորարար է՝ իր գործունեությամբ փոխելով մեր պատկերացումները մկանային, նյարդային և հուզական առողջության վերականգնման ուղիների մասին։ Նրա նախաձեռնությունները վեր են սահմաններից․ դրանք մղում են ոլորտը դեպի որակյալ կրթություն, միջազգային համագործակցություն և հանրային իրազեկում։ Հայաստանում մերսման մշակույթի ձևավորման պատմության մեջ Արման Մանուկյանի անունը արդեն իսկ դրված է ոսկե տառերով։

 

– Պարոն Մանուկյան, երբ մարդ ընտրում է ձեռքով բուժելու մեթոդը, դա միայն մասնագիտությո՞ւն է, թե՞ ապրելաձև։
–Ուրիշների փոխարեն պատասխանել չեմ կարող, բայց դա երբեք պարզապես աշխատանք չի եղել ինձ համար։ Մերսումը բառի ամենալայն իմաստով առնչվում է մարդկային էությանն ու ներաշխարհին։ Երբ շոշափում ես մարդու մաշկը, փորձում ես հավասարակշռել ո՛չ միայն նրա մկանային համակարգը, այլև ներսի տատանումները։ Այդ պահը շատ նման է երաժշտությանը. եթե զգում ես ճիշտ նոտան, կարող ես ստեղծել մեղեդին, հակառակ դեպքում՝ կձախողես։ Նույնն է նաև շիացու մերսման մեթոդը: Եթե չես լսում՝ տեխնիկան անիմաստ է։ Այս առումով՝ այո՛, սա ապրելաձև է՝ ամեն օր նոր մարդու նայելով՝ փորձելով վերստեղծել նրա հանդեպ վստահությունը՝ իր սեփական մարմնի նկատմամբ։


-Այսինքն՝ մարդը կարող է հավատ չունենա՞լ սեփական մարմնի նկատմամբ:
-Այո, եթե հիմա միասին մի փոքր խոսենք, կարող եմ ապացուցել, որ Դուք էլ առանձնապես մեծ հավատ չունեք Ձեր մարմնի նկատմամբ: Գիտե՞ք, մարդիկ մարմինը նայում են միայն դրսից, այնինչ՝ մեդալիոնի հակառակ կողմը ներսում է: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ մարմնի ներսով կարող է կառավարել դուրսը, իսկ դրսով՝ ներսը: Սա պարզ փիլիսոփայություն է, որ դարեր առաջ մարդկությունը կարողացել է ըմբռնել, սակայն ժամանակակից մարդը երես է թեքել այս ճշմարտությունից:


- Շիացուն որպես մերսման ձև Հայաստանում նորություն էր։ Ինչպե՞ս ընդունեց այն մեր հանրությունը։
–Սկզբում՝ զգուշությամբ։ Շատերը մերսում ասելով պատկերացնում էին հանգստացնող սպա պրոցեդուրա։ Բայց երբ տեսան՝ ինչպես կարելի է ճիշտ կիրառված ճնշմամբ վերականգնել մարզիկի ուժերը՝ առանց դեղորայքի, սկսեցին հետաքրքրվել։


– Իսկ ի՞նչն է առանձնացնում շիացուն մյուս մերսման տեխնիկաներից։
– Շիացուն ճապոնական մեթոդ է, բայց արմատներով գալիս է Չինաստանից։ Այն հիմնված է կենսաբանորեն ակտիվ կետերի վրա ճնշման գաղափարի վրա։ Այստեղ կարևոր է էներգետիկ հոսքի հավասարակշռությունը։ Այս մերսումն իրականացվում է առանց յուղի, առանց դեղերի, նույնիսկ՝ հագուստով։ Նպատակն է վերականգնել մարդու ներքին ուժերը, ոչ թե փոխարինել դրանք։ Ինչպես ասում էր Նամիկոշին՝ շիացուի հիմնադիրը. «Ոչ մի սարք չի կարող փոխարինել ձեռքի էներգիային»։ Ես ամբողջությամբ կիսում եմ այս միտքը։


– Դուք երկար ժամանակ դասավանդում եք ֆիզիոթերապիայի ոլորտում, ո՞րն է Ձեր հիմնական ուղերձը նոր սերնդին՝ այս ոլորտում իրենց տեղը գտնելու համար։
– Ես միշտ ասում եմ՝ մասնագետը նա չէ, ով ունի տեխնիկա, այլ նա, ով ունի հոգատարություն։ Այդ հոգատարությունն առաջին հերթին սեփական մարմինը ճանաչելն ու դրան ճիշտ, խնամքով վերաբերվելն է: Մենք այսօր ապրում ենք մի դարում, որտեղ արագությունը կարևոր է, բայց արագությունը առանց զգացողության կարող է կործանել մարդուն։ Ուսանողներիս հետ միշտ աշխատում եմ նաև հաղորդակցվելու վրա։ Ինչու՞, որովհետև մարդուն բուժել՝ նշանակում է կարողանալ լռությամբ լսել նրա ցավը։


– Ձեր աշխատանքը միայն մերսում չէ։ Դուք նաև ղեկավարում եք մի ամբողջ ազգային ֆեդերացիա։ Ինչու՞ էր անհրաժեշտ ունենալ նման կառույց։
– Որպեսզի մերսումը Հայաստանում ընկալվի ոչ թե իբրև արհեստ, այլ՝ գիտություն։ Այդ պատճառով ստեղծեցինք Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսողների ազգային ֆեդերացիան (ՀՖԹՄԱՖ), որը միավորում է փորձագետների, բժշկական մասնագետների, մարզիկների հետ աշխատող թերապևտների։ Ֆեդերացիայի միջոցով կազմակերպում ենք դասընթացներ, սեմինարներ, նույնիսկ միջազգային առաջնություններ՝ ընդգրկելով թերապևտիկ, սպորտային և վերականգնողական մերսման ձևեր։ Այսօր մենք համարվում ենք World Federation of Massage Therapy-ի պաշտոնական գործընկեր։


–Դառնանք միջազգային կապերին. Դուք, որպես ժյուրի, մասնակցել եք Միջմայրցամաքային առաջնությանը։ Ի՞նչ տվեց այդ փորձը։
– 2023-ին Հունաստանում անցկացվող միջմայրցամաքային առաջնությանը մասնակցեցի որպես ժյուրիի անդամ։ Տեսա՝ ինչպես են աշխարհի ավելի քան 30 երկրների մասնագետներ ներկայացնում իրենց մեթոդները: Այդպիսի հարթակներում Հայաստանը ներկայացնելը պարտավորեցնող է։ Բայց նաև շատ օգտակար է՝ հասկանալու՝ ուր ենք մենք, ինչից ենք հետ, ինչով կարող ենք զարմացնել։ Ես վստահ ասում եմ՝ մեր մասնագետները վատը չեն։ Պարզապես պիտի կրթենք, խրախուսենք ու հարթակ ստեղծենք։


– Բուժումը, թերապիան, վերականգնումը միայն սպորտի հե՞տ են կապված, թե՞ մարդու ընդհանուր առողջական գիտակցության։
– Շատ լավ հարց է։ Մենք ժամանակին մերսումը կապում էինք միայն մարզիկների հետ։ Բայց այսօր հասնում ենք մի փուլի, երբ պարզ է դառնում, որ ֆիզիկապես հոգնած մարդը պետք է վերականգնվի, անկախ նրանից՝ նա աշխարհի չեմպիո՞ն է, թե՞ հաշվապահ։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք գալիս են ոչ թե ցավով, այլ՝ դատարկված։ Եվ, եթե կարողանում ես վերադարձնել նրանց դեպի սեփական մարմնի կենտրոն, նույնիսկ մի փոքր էներգիայով, ապա դա արդեն բուժում է։ Սպորտը, այո՛, կարևոր շարժիչ ուժ է, բայց մարդն իր ամբողջության մեջ է առաջնային և մեր ոլորտի մերսողի բուն նպատակը։


– Ձեր աշխատանքը հաճախ սահմանակից է հույս տալու գաղափարին։ Կարո՞ղ եք հիշել մի պահ, երբ Ձեր աշխատանքը բառացիորեն փոխեց ինչ-որ մեկի ընթացքը։
– Շատ դեպքեր կան, բայց մի մարզիկի դեպքը երբեք չեմ մոռանա։ Նա եկել էր մրցաշարի լիովին ուժասպառ, ցավով ու կոտրված հոգեբանական վիճակով։ Մենք ընդամենը մի քանի րոպե ունեինք։ Ինձ համար դա մերսում չէր, շփում էր. զգացի՝ ինչ է պետք, որ ոչ թե մկանների, այլ՝ նրա ներսի վրա ազդի։ Շիացու մերսման մեթոդով ես կարողացա անել դա: Եվ նա հաղթեց, եկավ մոտս ու ասաց, որ տեղի ունեցածը հրաշքի է նման։ Այդ պահը կյանքիս բարձունքներից մեկն էր։ Ուժը պետք է զուգակցվի գիտելիքի հետ։ Շատերը մրցաշարերի ժամանակ իրենց հետ մերսող չեն ունենում, նույնիսկ՝ ֆիզիոթերապևտ։ Դա սխալ է։ Եթե արագ արձագանքող մասնագետը թիմում չկա, կարող է վնասվածքը դարձնել ճակատագրական։ Մերսումն այսօր այլևս ոչ թե հաճույք է, այլ՝ անհրաժեշտություն։ Մենք պետք է մարզիկին ոչ միայն ուժ, այլև հույս տանք, երբ թվում է՝ չի կարող շարունակել։ Մի ճշգրիտ մերսում՝ ճիշտ պահին, կարող է փրկել թե՛ մկան, թե՛ հոգի։


– Հայաստանում երբեմն մասնագետների, մանավանդ թերապևտների աշխատանքը չի արժևորվում։ Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է փոխել վերաբերմունքը։
– Պետք է սկսել արժևորելու մշակույթից։ Մենք սիրում ենք վեհ գաղափարներ, բայց չենք սովորել գնահատել այն, ինչ անում է մեր կողքին կանգնած մարդը՝ նույնիսկ իր ամենափոքր արարքներով։ Երբ մարզիչը մերսողին վերաբերվի ոչ թե որպես լռին օգնականի, այլ գործընկերոջ՝ արդյունքները կփոխվեն։ Մինչ այդ, մեր առաքելությունն է անտեսանելիորեն ուժ տալ, մինչև մարդիկ դա զգան։ Եվ հուսով եմ, որ ամեն բան փոխվում է արդեն։


– Իսկ ի՞նչն է Ձեր ներսում այն ուժը, որը այսքան տարիներ շարունակ պահում է նվիրվածությունը։
– Շնորհակալ եմ այս հարցի համար։ Դա հենց մարդն է։ Երբ տեսնում ես, թե նա ինչքան խոցելի է դառնում ցավի պահին, դու հասկանում ես, որ դա քո գիտելիքով ծառայելու պահն է։ Ու երբ տեսնում ես, որ ոտքի է կանգնում, աչքերի մեջ ուժ է հայտնվում, արդեն խթան ունես՝ վաղը նորից սկսելու։ Ես երբեք չեմ հոգնում, որովհետև գիտեմ՝ մեր գործը բեռ չէ։ Դա լույս է։ Եվ լույսից մարդ չի հոգնում։

 


Զրուցեց՝ Մեխակ Իգիթյանը