ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի ունեցած քաշքշուկի, վիճաբանության փաստով: Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Պարոնյան փողոցի 1 հասցեի մոտ 3 քաղաքացի վիճաբանում և միմյանց քաշքշում են: Պարեկները մոտենում են նշված անձանց, հայտնաբերում, որ նրանցից մեկի ճակատային հատվածում վնասվածք կա:

Նշված անձինք մարմնական վնասվածք հասցնելու կասկածով պարեկների կողմից ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխված անձինք են Երևանի բնակիչներ 48-ամյա Արթուր Միրումյանը, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանը և 30-ամյա Շանթ Բագրատյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նախկին ԲՀԿ անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է: