Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Դրա մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Այդ պատմական նշանակություն ունեցող փաստաթղթի ստորագրումը հնարավոր դարձավ, ի թիվս այլ բաների, Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական կամքի և իր պետության ազգային շահերի ռազմավարական տեսլական ունեցող քաղաքական գործչի ակնառու որակների շնորհիվ։


Հռչակագիրը Հարավային Կովկասում լայնածավալ միջազգային համագործակցության և Ղազախստանի ու Հայաստանի միջև ավելի ինտենսիվ տնտեսական ու ներդրումային փոխգործակցության ճանապարհ է բացում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Աստանայում սկսվել են նախապատրաստական աշխատանքները Հայաստանի վարչապետի այս տարվա վերջին նախատեսված պաշտոնական այցի համար։ Ղազախստանը պատրաստ է հետագայում խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը՝ տրամադրելով իր հարթակը բանակցությունների համար։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և աջակցության ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը ղազախական կողմին տեղեկացրել է երկու պետությունների միջև խաղաղություն հաստատելու բանակցային գործընթացի որոշ ասպեկտների մասին՝ նշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց կարևոր միջնորդական դերը։

Վարչապետը դրական գնահատական է տվել Ղազախստանի գործունեությանը՝ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու գործում։ Նա միաժամանակ հաստատել է այս տարի Ղազախստան այցելելու իր պատրաստակամությունը՝ փոխադարձ համագործակցության նոր համաձայնագրեր ստորագրելու համար»,- նշել են մամուլի ծառայությունում։