Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանի շարժմանը դեպի խաղաղություն և կայունություն», – Կավելաշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Կավելաշվիլին հաստատել է, որ «Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցության բանաձևին և հետևողականորեն արտահայտում է տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանմանը նպաստելու պատրաստակամությունը»։
Վրաստանի նախագահը նաև ընդգծել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափի նշանակությունը տարածաշրջանային ներկայիս մարտահրավերներին դիմակայելու գործում։
«Հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրողությունները՝ տարածաշրջանային համագործակցությունն ավելի մեծ նշանակություն է ստացել՝ նպատակ ունենալով խթանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մեր երկրների զարգացումը։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգող երկրները արդյունավետ և հաջողությամբ համագործակցել՝ պատրաստ իրականացնելու տարածաշրջանի համար ամենակարևոր նախագծերը», – հայտարարել է Կավելաշվիլին։
Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։