ԱՄՆ գիտնականները ստեղծել են Aromatic Thermosetting Copolyester (ATSP) անվամբ ածխածնային մանրաթելային պլաստիկ, որը ոչ միայն ավելի ամուր է, քան պողպատը, այլև ի վիճակի է կաշվի պես ինքնավերականգնվել: Այն կարող է նաև վերականգնել ձևը ջերմության ազդեցության տակ և վերամշակվող է՝ ավանդական պլաստիկի էկոլոգիապես մաքուր այլընտրանքը, գրում է Interesting Engineering-ը:

Նոր կոմպոզիտը մշակել են Թեքսասի A&M-ն և Թալսայի համալսարանի հետազոտողները: ԱՄՆ Պաշտպանության նախարարության աջակցությամբ և պրոֆեսոր Մոհամմադ Նարագհիի գլխավորությամբ նախագիծը նպատակ ունի ներդնել այդ նյութն մի շարք, մասնավորոպես՝ պաշտպանկան, ավիացիայի և ավտոմոբիլային ճարտարագիտության ոլորտներում:


Ածխածնային մանրաթելային պլաստիկի հիմնական առանձնահատկությունը դրա փոխանակման քիմիան է. տաքացնելիս պլաստիկը կարող է վերացնել ճաքերը և դեֆորմացիաները՝ վերադառնալով իր սկզբնական ամրությանը, իսկ երբեմն նույնիսկ ավելի ամուր դառնալով: Դա հնարավորություն է ընձեռում, օրինակ, ավիացիայում տեղում վերականգնել վնասված մասերը, իսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ վթարներից հետո շտկել ձևը, ինչը մեծացնում է ուղևորների անվտանգությունը:


Բացի դրանից, ածխածնային մանրաթելային պլաստիկը համատեղում է ջերմապլաստիկի ճկունությունը և ջերմակայուն նյութի ամրությունը: Ամրապնդված լինելով ածխածնային մանրաթելով՝ այն մի քանի անգամ ավելի ամուր է, քան պողպատը և ավելի թեթև, քան ալյումինը։


Փորձարկումների ընթացքում նյութը ենթարկվել է ձգման և տաքացման մի շարք ցիկլերի. երկու ցիկլից հետո այն գրեթե ամբողջությամբ վերականգնել է իր ամրությունը, հինգերորդ ցիկլում՝ պահպանել է մոտ 80%-ը, ընդ որում՝ առանց քիմիական քայքայման նշանների։

Այս տեխնոլոգիան, ըստ հեղինակների, պարզապես նոր հարմարավոտ նյութ չէ. այն բացում է ապագայի հարմարվողական, ինքնավերականգնվող և էկոլոգիապես կայուն պլաստիկների ճանապարհը՝ մարմնավորելով գործնական լուծումներում գիտության և գործընկերության ներուժը։