Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Ըստ RT-ի՝ զրույցի մասին հայտնել է Պուտինի օգնական Ուշակովը։
Ըստ նրա՝ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններին։
«Ռուսաստանի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ալյասկայում հանդիպման ժամանակ հյուրընկալության համար։ Զրույցը տևել է մոտ 40 րոպե։ Թրամփը Պուտինին տեղեկացրել է եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ բանակցությունների մասին»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ Պուտինը և Թրամփը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու գաղափարը՝ հետագա ուղիղ բանակցությունների համար։
Ուշակովը հավելել է, որ Պուտինը և Թրամփը համաձայնել են սերտորեն շփվել միմյանց հետ ուկրաինական և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Պուտինի օգնականն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի միջև զրույցը եղել է անկեղծ և կառուցողական։