Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների սպասարկման համար։
Առողջության առաջնային պահպանման օղակը առողջապահական համակարգի հիմքն է․ այն պետք է ապահովի մատչելի, կանխարգելիչ և շարունակական ծառայություններ բոլորի համար:
Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա որակյալ բժշկական սպասարկում»,- նշել է նա։