«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցերի իր էջում։
«Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»,–գրել է նա։
ԱՄՆ նախագահին ուղղված նամակում Թանդիլյանը մասնավորապես գրել է.
«Այս նամակով ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը Ձեր՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու վերջին ջանքերի համար։
Արտակարգ ոգևորությամբ ընդունեցի Ձեր վերջին հրապարակային հայտարարությունները, որտեղ Դուք անդրադարձաք ներկայումս Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։ Նշված անձինք, ինչպես նաև այլ հայ գերիներ, ներառյալ Արցախի նախկին ղեկավարները և համաշխարհային մակարդակով հայտնի հայ բարերար Ռուբեն Վարդանյանը, արդեն գրեթե երկու տարի անօրինական կերպով պահվում են ազատազրկման մեջ։ Նրանց ազատ արձակումը շարունակում է մնալ կարևոր հումանիտար հարց, որը սերտորեն կապված է իրական և արդար խաղաղության գործընթացի հետ։
Որպես մտահոգված հայ քաղաքացի՝ հարգանքով կոչ եմ անում Ձեզ օգտագործել Ձեր դիվանագիտական ազդեցությունն ու լիազորությունները՝ ապահովելու համար այս գերիների անհապաղ և անխափան ազատ արձակումը։ Ձեր առաջնորդությունը կարող է էականորեն նպաստել արդարության հաստատմանը և բարի կամքի ամրապնդմանը՝ հզորացնելով խաղաղության համաձայնագրի հիմքերը և ապահովելով այս անձանց անվտանգ վերադարձը իրենց ընտանիքներ։
Ձեր նախորդ հայտարարությունները՝ դատապարտող Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, ինչպես նաև Ձեր խոստումը՝ պաշտպանելու աշխարհում հալածվող քրիստոնյաներին, ինձ վստահություն են ներշնչում, որ Դուք վճռական գործողություններ կձեռնարկեք։ Այս գերիների ազատ արձակման համար միջնորդելով՝ Դուք կարող եք ևս մեկ անգամ ապացուցել Ձեր հավատարմությունը մարդու իրավունքներին և ամրապնդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև իսկական հաշտեցման հեռանկարները։
Շնորհակալություն այս հրատապ հարցին ուշադրություն դարձնելու համար։ Վստահ եմ Ձեր հաստատակամ և կարեկից առաջնորդության վրա և աղոթում եմ Ձեր շարունակական հաջողությունների համար՝ խաղաղություն ու արդարություն տարածելու առաքելության մեջ»։