ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Todd Starnes Show ռադիոծրագրի եթերում հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է, արդյոք, առաջընթացն Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման հարցում։ «Ես կասեի, որ երկու շաբաթից մենք այսպես թե այնպես կիմանանք դա», - նշել է Թրամփը հաղորդավար Թոդ Սթարնսի հետ զրույցում։ Պետության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ եթե նշված ժամկետը լրանալուց հետո Վլադիմիր Պուտինը չդադարեցնի պատերազմը, Վաշինգտոնը, հավանաբար, «ստիպված կլինի փոխել մարտավարությունը»։
Թրամփը մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը։ Ըստ նրա, ուկրաինացի առաջնորդը «շատ լավ» տեսք ուներ և պայքարում վճռականություն է ցուցաբերում։ «Նա պայքարում է ամբողջ ուժով։ Սա ծանր պատերազմ է», - նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր նշել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Հուլիսի 14-ին նա խոսում էր 50 օրվա մասին, սակայն ավելի ուշ կրճատեց այդ ժամանակահատվածը՝ դա բացատրելով Վլադիմիր Պուտինի գործողություններից հիասթափությամբ, որը, չնայած Վաշինգտոնի ջանքերին, շարունակում է էսկալացիան։
Հուլիսի 29-ին հնչեց նոր վերջնագիր. Թրամփը Մոսկվային 10 օր ժամանակ տվեց՝ սպառնալով 100% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ։ Սակայն այդ ժամկետի ավարտին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանեց Մոսկվա, որտեղ, ըստ Սպիտակ տան, Վլադիմիր Պուտինը անձնական հանդիպում է խնդրել Ամերիկայի նախագահի հետ։ Հանդիպումը կայացավ օգոստոսի 15-ին Ալյասկայում, և արդյունքում հայտարարված պատժամիջոցները չկիրառվեցին։ Վաշինգտոնում դա բացատրեցին դիվանագիտական ջանքերի համար տարածք պահպանելու անհրաժեշտությամբ։
Օգոստոսի 18-ին Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ Թրամփն ասում էր, որ «մեկ-երկու շաբաթվա» ընթացքում կարգավորման հնարավորություն է տեսնում։ Նա կարծիք հայտնեց, որ գոյություն չունեն «չափազանց բարդ հարցեր», որոնք խոչընդոտում են համաձայնագրի կնքմանը, որը Ուկրաինային երաշխիքներ կտար ապագա ագրեսիայից, իսկ այս առնչությամբ մտահոգությունները ԱՄՆ նախագահը «խիստ գերագնահատված» անվանեց։
Այս բանակցություններից հետո Թրամփն անձամբ զանգահարել է Պուտինին՝ Զելենսկու հետ հնարավոր հանդիպման կազմակերպումը քննարկելու համար։ Սակայն շուտով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հասկացրեց, որ նման հանդիպումը մոտ ապագայում քիչ հավանական է։ Ըստ The Washington Post-ի, Կրեմլի արտաքին քաղաքական բլոկին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ ռուսաստանյան նախագահը դժվար թե համաձայնի նման բանակցությունների։
Օգոստոսի 21-ին The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը որոշել է դադարեցնել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը կազմակերպելու փորձերը։ Ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահը եկել է այն եզրահանգման, որ Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն նախաձեռնեն առերես բանակցությունների կազմակերպումը, որոնք, ըստ նրա, կարող են հաջորդ քայլը դառնալ պատերազմի ավարտի ճանապարհին։