Իրանում ակնկալում են, որ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումները դեպի Իրան մոտ ապագայում իրականություն կդառնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում խոսել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմ»-ի հետ, փաստացի բոլոր հարցերն արդեն լուծված են։ Սակայն անհրաժեշտ է ընդհանուր լեզու գտնել գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կգործարկվի»,- նշել է դեսպանը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմելու հավանականությանը՝ դեսպանը նշել է, որ դրանք պարզապես ենթադրություններ են՝ հիմնված լրատվամիջոցների հրապարակումների վրա։
«Իսրայելական ռեժիմը պատերազմ ցանկացող ռեժիմ է։ Իր գոյության ընթացքում այն ամենուր պատերազմ է ստեղծել։ Մենք չենք ողջունում պատերազմը, այն ոչ մի երկրի, ոչ մի տարածաշրջանի օգտին էլ չէ։ Բայց մենք այն ժողովուրդն ենք, որը լրջորեն է արձագանքում, եթե մեզ վրա հարձակվեն։ Նույնը տեղի ունեցավ 12-օրյա պատերազմի ժամանակ. եթե Իսրայելում լուրջ վնասներ չլինեին, նրանք հրադադար չէին առաջարկի։ Իրանը Գազա չէ, Գազայում նրանք կռվում են անպաշտպան, անմեղ մարդկանց դեմ»,- ընդգծել է նա։
Դեսպանի խոսքով՝ Իսրայելը միայնակ չի կարող որևէ պատերազմ սկսել, նրան օգնում են այլ ուժեր։
«Սա միջնորդավորված պատերազմ է, և Իսրայելը տարածաշրջանում կռվում է Արևմուտքի կողմից, այդ պատճառով նրանք անտեսում և չեն դատապարտում մարդկության դեմ գործած նրա հանցագործությունները»,- ասել է նա։
Իսրայելի կողմից Գազա քաղաքի գրավելու մտադրությունը դեսպանը հանցագործություն է որակել։
«Այն փաստը, որ սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) շրջափակում է Գազայի հատվածի մարդկանց և տանջում նրանց սովով, սպանում և վիրավորում նրանցից շատերին, իսկ հետո ասում, որ ուզում է գրավել ամբողջ տարածաշրջանը, չի կարող անվանվել այլ կերպ, քան մարդկության դեմ հանցագործություն։ Սա նշանակում է, որ նրանք անտեսում են բոլոր մարդկային կանոնները։ Ես չեմ ասում միջազգային կանոնները, քանի որ բոլոր միջազգային կանոններն ու օրենսդրությունն արդեն ոչնչացված են։ Բայց մեզ բոլորիս համար կան առնվազն մարդկային կանոններ, որոնք նույնպես լիովին անտեսվում են»,- նշել է Ջալալին։