Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այժմ համահունչ է միջազգային գործընթացներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կապանում կայացած դեսապանաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, դրանց առանձնահատկություններ ուսումնասիրելիս՝ գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ որպես կանոն չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ։ Եվ այն, ինչ տեղի է ունեցել Վաշինգտոնում (խմբ. նկատի ունի Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրված հռչակագիրը, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը), նշանակում է, որ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ։ Սա մեր, թերևս, մի քանի հարյուրամյակների առաջին և ռեալ հնարավորությունն է՝ դառնալ միջազգային զարգացումներին համահունչ, և սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ տեսությունները, որոնցով երկիրն ապրել է, սովորաբար ձևավորվել են էլիտաների կողմից և, մեղմ բառով ասած, ուսուցանվել են հանրությանը։

«Հիմա մենք ապրում ենք ժամանակներում, երբ հակառակն է տեղի ունենում՝ տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք այս պրոցեսի օրգանիկությունը ամբողջությամբ պահենք»,- նշել է ՀՀ վարչապետը։