Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի դիզել-էլեկտրական սուզանավերն առաջին անգամ մասնակցել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկության, հաղորդում է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ստորջրյա պարեկությունը մեկնարկել է օգոստոսի սկզբին՝ Ճապոնական ծովի ջրատարածքում «Ծովային փոխգործակցություն-2025» ռուս-չինական զորավարժությունների ավարտից հետո։
«Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վոլխով» դիզել-էլեկտրական սուզանավը և ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի սուզանավը մտել են Ճապոնական և Արևելաչինական ծովերում պարեկության համաձայնեցված երթուղի։ Համատեղ պարեկության խնդիրների մշակումից հետո սուզանավերը ուղղվել են դեպի տեղակայման վայրեր։
Այսօր «Վոլխով» դիզել-էլեկտրական սուզանավը վերադարձել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Վլադիվոստոկի բազա։ Արշավի ընթացքում «Վոլխովի» անձնակազմը հաղթահարել է ավելի քան 2 հազար ծովային մղոն։ Առաջին ստորջրյա պարեկությունը ապահովել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Գրոմկի» կորվետը և «Ֆոտի Կրիլով» փրկարարական քարշակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։