Նախ արձանագրենք, որ պարոն Օ’բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ի փաստաթղթերով Ադրբեջանը մեծապես շահեց, քանի որ ստացավ իր ուզածը, իսկ Հայաստանը հայտնվում է խոցելի վիճակում։


«Այս դիրքորոշումից արդեն պարոն Օ'բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։ Եթե պարոն Օբրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք Հայաստանը ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի իրադարձությունները, 2021 թվականի իրադարձությունները և պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։


Պարոն Օ'Բրայենը մի մարդ է, որը այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքը աշխատանքից զրկվել է դա ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի Հանրապետության վրա։


Այսօր Հայաստանի Հանրապետությունը իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել, և թերևս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ' Բրայանին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտում»,– հայտարարեց Փաշինյանը։