Գործարար Հայկ Մանուկյանն իր էջում գրել է․
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության նվիրյալներ
Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար սկսվող նոր ճանապարհի խորհրդանիշ է․ այն օրը, երբ դասարանները, լսարաններն ու գրադարանները կրկին լցվում են երիտասարդության թարմ շնչով, նոր գիտելիքի ծարավով ու հայրենիքին օգտակար լինելու ձգտումով։
Այս օրը յուրահատուկ տեղ ունի յուրաքանչյուրիս կյանքում, մեկի համար՝ աշակերտական նոր ուսումնական շրջան, մյուսի համար՝ առաջին փորձառություն, մեկի համար՝ ուսուցչական նվիրում, մյուսի համար՝ ծնողական հպարտություն։ Սակայն, անկախ մեր դերից ու կարգավիճակից՝ բոլորիս միավորում է դպրոցը։ Դպրոցն է այն սկիզբը, որի դռներով անցնելով մենք մտել ենք մեծ կյանք։ Եվ անկախ կարգավիճակից՝ այսօր մենք աշակերտ ենք, ուսուցիչ, ծնող, գործարար, թե այլ մասնագետ, բոլորիս հիմքը, մեր արժեքային առանցքը շարունակում է մնալ դպրոցը՝ մեր հիշողության և ինքնության կերտման հավերժական հետադարձ հասցեն: Գիտելիքը մեր ամենահզոր զենքն է, մեր պետության իրական հիմքը։ Ճիշտ կրթությունը ոչ միայն ապահովում է մասնագիտական ու անձնական աճ, այլև ձևավորում է պատասխանատու քաղաքացի՝ կապված իր պատմությանը, դարավոր արժեքներին ու ազգային ինքնությանը։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապացուցել է, որ կրթությամբ և մշակույթով կարողացել է պահպանել ինքնությունը։ Այսօր այդ ժառանգությունը մենք պետք է համադրենք ժամանակակից աշխարհի նորարարություններին՝ միավորելով անցյալն ու ապագան։
Այսօրվա աշակերտները վաղվա ուսուցիչներն են, ովքեր սերունդներին կհանձնեն իրենց գիտելիքն ու հավատը։ Նրանք վաղվա մարտունակ զինվորներն են, ովքեր կպահպանեն հայրենիքի սահմանները։ Նրանք նաև հմուտ շինարարներն են, խելացի բժիշկները, գյուտարար ինժեներները, խիզախ օդաչուները, ճանապարհաշինարարներն ու մշակույթի նվիրված մշակները։ Մի խոսքով՝ նրանք մեր ազգի վաղվա ուժն են, ովքեր կկառուցեն մի Հայաստան, որտեղ ավանդները պահպանվում են, իսկ նորարարությունը՝ զարգացվում։ Հետևաբար, բոլորիս պարտքն է լավագույնը ներդնել մեր երեխաների կրթության հիմքում:
Ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է․ այն կառուցվելու է խաղաղության, գիտելիքի և աշխատանքի հիմքերի վրա։ Ուզում եմ մաղթել, որ այս ուսումնական տարին բոլորիս բերի նոր հաջողություններ, նոր գաղափարներ ու նոր նվաճումներ։ Թող յուրաքանչյուր աշակերտ ու ուսանող զգա, որ իր ձեռք բերած գիտելիքը ոչ միայն իր անձնական հաջողության բանալին է, այլև մեր պետության վաղվա հզորության գրավականը։
Լավ կրթությունից առավել է ունենալ նաև ճիշտ դաստիարակություն։ Սերունդների դաստիարակությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև արժեքների ու հավատքի սերմանումը։ Այն ճանապարհ է, որով հայրերն ու մայրերը իրենց փորձով ու սիրով գծում են երեխաների հոգու ուղին։ Սերունդը դաստիարակելով՝ մենք կերտում ենք ոչ միայն ընտանիքի, այլև ազգի ապագան։
Թո՛ղ խաղաղություն լինի մեր հայրենիքում, միասնություն մեր հասարակության մեջ, և վստահություն մեր երեխաների ու երիտասարդների ապագայի նկատմամբ։ Թող մեր՝ մեծահասակներիս խոհեմության շնորհիվ ձեր մանկությունը լինի սքանչելի, իսկ մանկությունում կորցրածը՝ խաղալիք:
Շնորհավոր գիտելիքի օր։