Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր Քիմմելի քաղցկեղի կենտրոնի հետազոտողների մշակած նոր բազմավերլուծական թեստը կարող է ճշգրիտ ախտորոշել գլխուղեղի քաղցկեղը՝ օգտագործելով ողնուղեղային հեղուկի (liquor cerebrospinalis) փոքր նմուշներ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Discovery բժշկագիտական հանդեսում և ցույց են տալիս, որ մի քանի կենսաբանական մարկերների, դրանց թվում՝ ուռուցքի ԴՆԹ-ի և իմունային բջիջների բնութագրերի համադրությունը, ավելի արդյունավետ է կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղի ախտորոշման համար, քան մեկ մարկերի կիրառումը։
«Այս հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան ավելի շատ տեղեկություն կարող ենք ստանալ, եթե միաժամանակ գնահատենք մի քանի ցուցանիշներ, -ըստ «Научная Россия»-ի ասում է ուսումնասիրության ավագ հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Չետան Բետտեգոուդան։ -Քաղցկեղի ուռուցքները բարձր ճշգրտությամբ հայտնաբերելու, ինչպես նաև ուղեղի իմունային միջավայրի մասին պատկերացում կազմելու ունակությունը կարող է կարևոր քայլ լինել գլխուղեղի ուռուցքներով բուժառուների ապաքինման գործում»։
Բազմավերլուծական մոտեցման ներուժը գնահատելու համար հետազոտողները, ըստ «Научная Россия»-ի, վերլուծել են ողնուղեղային հեղուկի 206 նմուշ, ներառյալ՝ բարձր աստիճանի գլիոմաներով, մեդուլոբլաստոմաներով, մետաստազներով և կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմաներից տառապող բուժառուներից վերցված նմուշներ։ Նրանց CSF-BAM կոչվող թեստը բացահայտում է քրոմոսոմային անոմալիաները, ուռուցքին բնորոշ մուտացիաները և T- և B-բջջային ընկալիչների հաջորդականությունները։
Այս մարկերները միասին հնարավորություն տվեցին վերահսկիչ խմբում հայտնաբերել գլխուղեղի քաղցկեղն ավելի քան 80% զգայունությամբ (քաղցկեղը հայտնաբերելու ունակություն) և 100% յուրահատկությամբ (ճիշտ նույնականացնելով քաղցկեղ չունեցողներին): 100% յուրահատկությունը նշանակում է, որ ոչ քաղցկեղային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում կեղծ դրական արդյունքներ չեն եղել։
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ վերլուծությունը կարող է տարբերակել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեպքում առկա իմունային բջիջների պոպուլյացիաները և լրացուցիչ կենսաբանական տեղեկություններ է տրամադրում, որը կարող է օգտակար լինել ավելի բարդ կլինիկական դեպքերում: Գիտնականները նշել են, որ ուղեղ-ողնուղեղային հեղուկում T և B բջիջների պոպուլյացիաները դասակարգելու ունակությունը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել ինչպես հիվանդության առկայության, այնպես էլ իմունային պատասխանի մասին։
«Գլխուղեղի վնասվածքներ ունեցող շատ բուժառուներ կարիք ունեն ինվազիվ ախտորոշիչ միջամտությունների՝ ախտորոշումը հաստատելու համար, - ասում է հետազատության հեղինակ Քրիսթոֆեր Դուվիլը: -Նման գործիքը կարող է օգնել ավելի հիմնավորված որոշումներ ընդունել, թե ում է իրականում անհրաժեշտ կենսազննում (բիոպսիա), և ում՝ ոչ»։
Թեստը կարող է հատկապես օգտակար լինել այն դեպքերում, երբ ավանդական պատկերագրական կամ ցիտոլոգիական հետազոտություններն միանշանակ արդյունք չեն ցույց տալիս են, կամ այն դեպքերում, երբ ախտորոշման համար հյուսվածքային նմուշ ստանալը ռիսկային է կամ անհնար: Բազմափորձարկման մոտեցումը կարող է բարելավել քաղցկեղի հայտնաբերումը և հիվանդության փուլի ըմբռնումը, ինչը կարող է օգնել անհատականացնել բուժման տարբերակները բուժառուների համար: