Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թվով 151 դպրոցներում, շուրջ 11 000 առաջին դասարանցի է հայտագրված այս պահի դրությամբ։ Այս մասին  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Հայտագրման ընթացքում, ահազանգեր եղել են, երբ որոշ դպրոցներում արագ հայտագրումներ են եղել և հայտագրումը սահմանափակվել է՝ հաշվի առնելով տեղերը արագ լրանալը, բայց տեխնիկական խնդիրներ չեն եղել»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ որոշվել է դպրոցներում դասերը սկսել 15 րոպե շուտ՝ 08.15–ին՝ խցանումներից խուսափելու համար, Խաչատրյանը նշեց. «Ես կարծում եմ այսօր դեռ տեսանելի չէ ազդեցությունը, վաղվանից սկսած կարող ենք դիտարկել դա»։


Հարցին՝ արդյոք մասնագետներ ներգրավվել են այդ որոշման կայացմանը, քանի որ շատ մասնագետներ քննադատեցին այդ որոշումը, նա նշեց. «Ես ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ և կասեմ, որ հատուկ մասնագետների կարիք չկա, որովհետև խոսքը ընդամենը օրը 15 րոպե շուտ պլանավորելու մասին է։ Բնականաբար նաև ազդեցություն կունենա խցանումների թեթևացման վրա, բայց նաև մենք շատ էինք ականատես լինում, որ խցանումների պատճառով սովորողներն էին ուշանում դպրոցից, ուսուցիչները։ Սա առաջին հերթին կրթական միջավայրը ավելի հարմարավետ դարձնելու համար է և իհարկե կունենա այն էֆեկտը, ինչը ամբողջ քաղաքին է վերաբերում։

Առաջնայինը երեխաների առողջությունն է, այդ թվում հոգեկան, բայց հաշվի առնելով, որ առաջին երկրորդ դասարանցիները բավականին երկար արձակուրդ են ունենում ձմռան ամիսներին, շուրջ մեկ ամիս արձակուրդում են լինում, իսկ ամենախոցելին այդ տեսանկյունից հենց փոքրիկներն են, պետք է, որ որևէ խնդիր չառաջացնի։

Բայց նորից եմ ասում, խոսքը ընդամենը 15 րոպեների մասն է և ոչ թե ավելի վաղ սկսելու, այլ քնի ժամը ապահովելու։ Նաև ծնողներն էլ իրենց հերթին պիտի հետևողական լինեն, որ բավարար քնի ժամային ռեժիմը պահպանեն ու վստահ եմ, որ խնդիր չի լինի»։