Համաներումը կտարածվի վաղվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ ազատ կարձակվեն մոտ 500-600 մարդ, սակայն համաներումը կտարածվի 1000-ից ավել անձանց վրա:

«Մենք համաներումը դիտարկում ենք հետևյալ կերպ. պատժից ազատում և պատժի չկրած մասի կրճատում»:

Հարցին, թե ինչպե՞ս է լինելու համաներման գործընթացը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Քրեակատարողական հիմնարկի ղեկավարները վերցնելու են գործերը, մեկ առ մեկ նայելու են, քննարկելու ու որոշումներ են կայացնելու: Համաներումը կիրականացվի մինչև դեկտեմբերի 25-ը: Առաջին հերթին անդրադարձ կկատարվի այն անձանց, որոնք պետք է ազատ արձակվեն, նոր երկրորդ փուլում այն մարդկանց, որոնց պատժաչափը պետք է կրճատվի»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ իր պաշտոնը ստանալու ժամանակահատվածում ՔԿՀ-ներում ունեցել ենք 5700 դատապարտյալ, իսկ այս պահին ունենք՝ 4700:

«Մեր բոլոր տեղերը 4400 են, այսինքն` 300-ով է մեր գերծանրաբեռնվածությունը: Արմավիր ՔԿՀ-ի շահագործումը հանձնելուց հետո մենք այս խնդիրը լուծելու ենք: Երբ խոսում են, որ Հայաստանում քրեածին վիճակ է, պետք է ասեմ, որ օրինակ Էստոնիայում, որտեղ բնակչությունը 1.5մլն է, այնտեղ 3200 ազատազրկման դատապարտված կա, եթե մեր բնակչությունը երկու անգամ շատ է, մենք դատապարտյալների թվով այդքան մեծ չենք և այն մոտեցումը, որ համաներում է կատարվում, որպեսզի քչացնեն, բնավ, թվերն այդպես ցույց չեն տալիս»,- իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը: