ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցված հարցին, նշեց, որ ինքը համաձայն է այն պարզ մտքին, որ «ձեռքերը թափահարելու դիմացինի ազատությունն ավարտվում է իմ քթի մոտ»:

Փոստանջյանի արածը Վահան Հովհաննիսյանի համար ընդունելի չէ: «Հենց որ դուք վիրավորանք եք հասցնում, անհատական վիրավորանք, սա այլևս խոսքի ազատություն չէ եւ բոլորովին այլ կերպ է բնութագրվում, բայց դա մի կողմ եմ ուզում թողնել, որովհետև բանավեճի մեջ երբեմն կարող է նման սահմանները չհարգվեն, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ես չեմ կարողանում հասկանալ` ինչպես իշխանափողությանն ուղղված պայքարին կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում»,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների` Վահան Հովհաննիսյանը ենթադրություններ չի անում, թե ինչու Փոստանջյանը նման բան արեց. «Մեր երկրին լուրջ հարված հասցվեց, խայտառակ փորձեցին անել, անկախ նրանից, թե ով է իշխանության, սա իմ երկիրն է: Պետականություն, իշխանություն մարդիկ չեն կարողանում տարբերել: Իշխանությանը վիրավորանք, հարված հասցնելու համար ոտնատակ են տալիս մեր պետականությունը, ես փորձելու եմ դրա բացասական հետևանքները չեզոքացնել»,-հայտարարեց Հովհաննիսյանը: Հարցին, թե ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը կազինոյում խաղում է, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես իր հետ կազինոյում չեմ եղել, ես իրան կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու, հավատալ-չհավատալու ոչ մի բարոյական իրավունք չունեմ»:

Նրա խոսքերով, շատ հաճախ ենք տեսնում, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան այս կամ այն երկրում տարբեր զանցանքներում է մեղադրվում, կոնկրետ փաստերով, բայց օրինակ չենք տեսել, որ որեւէ իտալացի պատգամավոր պրն Բեռլունսկոնիին, որի վարքն ամբողջ աշխարհին հայտնի է, նման հարցով դիմի միջազգային ատյաններում: