Սեպտեմբերի 13-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները:
Տեղի է ունեցել բոլոր քաշային կարգերի վիճակահանությունը: Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները:
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արսեն Հարությունյանը (57 կգ ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը (61 կգ ) որակավորման փուլում կհանդիպի Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Վինչենցո Պերոդուի հետ։
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Տաջիկստանը ներկայացնող ռուսաստանցի Աբդուլմաժիտ Կուդիեւի հետ:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում կմրցի Տաջիկստանը ներկայացնող, ռուս Վիկտոր Ռասադիի հետ:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Իրանի ներկայացուցիչ Յոնես Էմամիչողայի հետ:
Առաջին մրցումային օրը տեղի կունենան 61 կգ, 70 կգ, 89 կգ եւ 125 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը:
Հայաստանի հավաքականի մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (61 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):
Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից: