Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային ռազմական գործողություն են սկսել Գազայի լիակատար վերահսկողությունը ստանձնելու նպատակով: Սակայն, հարձակումը կարող է չտա սպասվող արդյունքները և վտանգի տակ դնել իսրայելցի պատանդների կյանքը, հաղորդում է Axios-ը:

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա, որից հետո տանկեր են մտել քաղաք:

Հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից մի քանի ժամ անց:

«Մենք պետք է հիշենք, թե ում հետ գործ ունենք՝ մարդկանց խմբի, որոնք իրենց կյանքը նվիրել են բռնությանը և բարբարոսությանը», - վարչապետի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբիոն:

Երկու իսրայելցի պաշտոնյաներ պարբերականին հայտնել են, որ Ռուբիոն Թրամփի վարչակազմի դիրքորոշումը փոխանցել է Նեթանյահուին: Ըստ այդմ, ԱՄՆ-ն աջակցում է ցամաքային գործողությանը, բայց ցանկանում է, որ այն արագ իրականացվի և հնարավորինս շուտ ավարտվի:

«Սա Թրամփի պատերազմը չէ, սա Բիբիի պատերազմն է, և նա պատասխանատու կլինի տեղի ունեցող ամեն ինչի համար», - լրագրողներին ասել է ամերիկացի պաշտոնյան:

Երբ իսրայելական տանկերը մոտեցան Գազային, Իսրայելի պետական ​​KAN հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Համասը կարող է 20 իսրայելցի պատանդների օգտագործել որպես կենդանի վահաններ ցամաքային հարձակման դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Համասին չվնասել ժողովրդին։

«Հուսով եմ՝ Համասի առաջնորդները կհասկանան, թե ինչի մեջ են մտնում, եթե դա անեն։ Սա մարդկային դաժանություն է, որի նմանը քչերն են տեսել։ Թույլ մի տվեք, որ սա տեղի ունենա, հակառակ դեպքում ԲՈԼՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ։ Ազատ արձակեք բոլոր բանտարկյալներին ԱՆՀԱՊԱՂ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին «Համասի դեմ Իսրայելի պայքարում անսասան աջակցության և մեր բոլոր պատանդների ազատ արձակման» համար։