Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կրկին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ Գազայում նրա գործողությունների համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Կատարից վերադառնալիս։
«Պետք է հստակ հասկանալ, որ Իսրայելը ոչ թե կրոնի, այլ այլասերված գաղափարախոսության է ծառայում։ Նեթանյահուն ու նրա բանդան աշխարհին պատմում են սիոնիստական հորինված հեքիաթներ։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և դրանց սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը։ Հետևաբար, «խոստացված երկրի» հայեցակարգի հիման վրա ստեղծված սցենարները իրավաբանորեն անվավեր են և զուրկ են լեգիտիմությունից։ Նրանք, ովքեր կառավարում են Իսրայելը, ոչ այլ ոք են, քան մարդասպանների բանդա, որն իր արմատական հայացքները վերածել է ֆաշիստական գաղափարախոսության։ Այս առումով Նեթանյահուն գաղափարապես գործնականում հարազատ է Հիտլերին»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ, իր կարծիքով, եթե Նեթանյահուն, Հիտլերի նման, իր հասած առաջընթացի ազդեցության տակ չկարողանա կանխատեսել իրեն սպասվող պարտությունը, ապա նույն «ճակատագիրը կունենա»։


