Յուրաքանչյուր պատգամավոր պետք է առաջնորդվի իր խղճով և համոզմունքներով, իսկ յուրաքանչյուր պատգամավոր պետք է նաև հարգի իր երկրի խորհրդանիշները, իսկ դրանցից մեկը մեր երկրի նախագահն է, նախագահի ինստիտուտն է:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի երեկվա հարցին` ուղղված Սերժ Սարգսյանին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Ես չեմ կարծում, որ դա պատիվ կբերի յուրաքանչյուր պատգամավորի, ով կփորձի այդ խորհրդանիշները վարկաբեկել: Սա ինձ համար, ճիշտն ասած, անընդունելի է»,- նշեց նա:
Լրագրողների այն հարցին, թե պատգամավորն ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմանը, նա պատասխանեց, որ իր կարծիքով Հ.Աբրահամյանը կաշկանդված է այդ հարցում, քանի որ, լինելով ԱԺ նախագահ, իր որոշումները պետք է բխի ԱԺ կանոնակարգ-օրենքից:
«Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ որոշումը նույնպես կոռեկտության սահմաններում էր, ինչպես կոռեկտության սահմաններում պատասխանեց երկրի նախագահը: Իրոք նա կոռեկտ գտնվեց», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում: