Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, Հատիս լեռան գագաթին վեր է հառնում 101 մետր բարձրությամբ արձանը, որը դառնալու է աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը։ Նախագծի շրջանակում կայացել է արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և պաշտոնական կայքի շնորհանդեսը։

Մոնումենտալ արձանի կառուցումը, ըստ Ծառուկյանի, նոր շունչ է հաղորդելու ազգային միասնության գաղափարին՝ միաժամանակ դառնալով տուրիզմի խթանման ու միջազգային ճանաչելիության հզոր գործիք։

Մրցույթի առաջին փուլում, ամբողջ աշխարհից ստացված ավելի քան 300 նախագծերից հանրային SMS քվեարկության համար ընտրվել են 12-ը, որին զուգահեռ անցկացվել է նաև մասնագիտական հանձնախմբի փակ քվեարկություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Այս պահին Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն ավարտի հստակ ժամկետ, առայժմ հայտնի չէ։

Գագիկ Ծառուկյանը նաև նշում է՝ սեպտեմբերի 26-ից, յուրաքանչյուրն, ով ցանկանում է բարձրանալ Հատիս, հետևել արձանի տեղադրման աշխատանքներին, կարող է կամավորագրվել։ Նա վստահ է՝ սա պատմական պահ է, և ապագայում մասնակիցները հպարտությամբ պատմելու են, որ դրա մի մասն են կազմել, իսկ խոսքը եզրափակում է Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված բարեմաղթանքներով: