Շարունակվող միջուկային և տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին, Իրանը կօգտվի ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանից՝ եվրոպական երկրների հետ բանակցություններ վարելու համար՝ իր դիրքորոշումները պարզաբանելու և մտահոգությունները վերացնելու նպատակով, հայտնում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության նիստերին Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների համար վիզային սահմանափակումների ներմուծումը նորություն չէ, բայց այս անգամ միջոցները աննախադեպ են և բացահայտորեն խախտում են ընդունող երկրի կարգավիճակում ԱՄՆ-ի պարտավորությունները, ինչն էլ ավելի է խարխլում նրա նկատմամբ վստահությունը։
Նա հավելել է, որ որոշ վիզաներ արդեն տրվել են, սակայն դեռևս մանրամասն տեղեկատվություն է սպասվում Նյու Յորքի և Ժնևի գործընկերներից։
«Հենց որ այն ստացվի, որոշումներ կկայացվեն Իրանի պատվիրակության կազմի և դրա մասնակցության վերաբերյալ»,- ասել է նա։
Բաղայիի խոսքերով՝ Իրանը կօգտվի հնարավորությունից և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, ինչպես նաև այլ միջազգային հանդիպումների ընթացքում կպարզաբանի իր դիրքորոշումները և երկխոսություն կվարի այլ երկրների հետ՝ տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ։
«Այս ուղևորության ընթացքում, հաշվի առնելով միջուկային հարցերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նախկինում չեղյալ հայտարարված բանաձևերի վերականգնման հետ կապված ներկայիս նուրբ հանգամանքները, Իրանը նախատեսում է բանակցություններ անցկացնել եվրոպական և այլ երկրների հետ»,- ընդգծել է նա։