Մենք բոլոր փորձաքննություններով անցած «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն ունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավաևրության նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք բաժանել ենք երեք փուլի այս նախագիծը և այս փուլերը լինելու են «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառուցումը և կամուրջից թունել դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը։ Մենք երեք լոտով, ինչպես քննարկել ենք նաև ձեզ հետ, կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին, կունենանք հաղթող և արդեն հաջորդ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը։ Ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները։
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումից հետո Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25%, այսինքն ինքը էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքերի վրա»,–ասաց նա։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մետրոյի հետագա զարգացման հարցը քննարկում են նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում. «Այս առումով մետրոյի «Աջափնյակ» կայանի կառուցումը շատ կարևոր է։ Ընդ որում, մենք, երբ որ ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հնարավոր սցենարներ էինք քննարկում, եկանք այն եզրակացության, աշխարհագրությունն էլ կարծես հուշում է, որ մենք հնարավորություն ունենք մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել մինչև մինչև «Ակադեմիական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» կայարանը արդեն ուղղորդել դեպի Չարբախ մետրոյի կայարան։ Ըստ էության կստացվի, որ մենք ինչ-որ մի առումով շրջանաձև մետրոյի երթևեկություն ենք ունենում։ Դա ավելի էֆեկտիվ կլինի»։