Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը։
Այս որոշման ընդունման նպատակն է ապահովել ՀՀ առողջապահական անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունը համաճարակային և համավարակային իրավիճակներում՝ ստեղծելով միասնական, համակարգված և գործողությունների հստակ հաջորդականությամբ մշակված պլան։


Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ամրագրել համաճարակի և համավարակի ընթացքում Հայաստանում հանրային առողջապահության համակարգի պատրաստվածության և արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, ինչպես նաև ապահովել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը համաճարակի կամ համավարակի ժամանակ:

Կարգավորումները նախատեսում են՝

պատրաստվածության և արձագանքման միջոցառումների պլանավորում և իրականացում,

համաճարակի/համավարակի դեպքում արագ արձագանքման համակարգված գործողությունների իրականացում,

ռիսկի հաղորդակցման, տեղեկատվության տարածման և հասարակական իրազեկման մեխանիզմներ,

մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում,

միջազգային համագործակցության շրջանակներում գործողությունների ներդաշնակեցում։

Նախագծով կարգավորովում են համաճարակի/համավարակի ներուժով նոր գրիպի և այլ շնչառական ախտածինով պայմանավորված հիվանդությունների պատրաստվածության և արձագանքման գործողությունները և հանրային առողջապահական միջոցառումները՝ համաճարակից/համավարակից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, որոնք կարող են կիրառվել ցանկացած համաճարակի/համավարակի ներուժով ցանկացած շնչառական վարակի նկատմամբ: