Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ–ում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման համար կստեղծվի տեխնիկական անվտանգության կառավարման միասնական համակարգ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ։
Ներկայումս, սակայն, առկա չեն տեխնիկական անվտանգությունը կանոնակարգող անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ։ Դա ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում, այլև կաշկանդում է պետության կողմից վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացումը, որը լրջագույն ռիսկեր է պարունակում բնակչության առողջության ու կյանքի երաշխավորման տեսանկյունից։
Մասնավորապես, ըստ որոշման` կոնկրետ կանոնների և պահանջների բացակայությունը էապես բարձրացնում է տեխնածին վթարների և դժբախտ պատահարների առաջացման վտանգը:
Նշվում է, որ առաջարկված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, այնպես էլ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ: