Հոկտեմբերի 14-ին Ալամթիում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ):

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի և թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնել է Բիշկեք՝ Ղրղըզստանմի, Լիտվայի և Գերմանիայի թիմերի հետ ութօրյա հավաքի, որից հետո կմեկնեն Ալմաթի, հայտնում է ՀԱՕԿ կայքը։

Աշխարհի առաջնությունում սպասվում է ռեկորդային թվով` 116 երկրների 576 բռնցքամարտիկների մասնակցություն: Ստուգատեսը կանցկացվի նոր մրցակարգով. մարզիկները ռինգ կմտնեն առանց դիմակի, իսկ մրցավարները կաշխատեն միավորների նոր հաշվարկով: Հաղթողին կտրվի 10, իսկ պարտվողին` 9, 8 կամ 7 միավոր:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը և առաջին փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը կմասնակցեն հոկտեմբերի 12-ին մեկնարկելիք Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական համաժողովին: