Իրանը հաջորդ շաբաթ ուղևորատար ծովային փոխադրումների նոր երթուղի է բացելու Չաբահարի և Մասկատի միջև, հայտնում է Mehr-ը։
Ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարել է, որ Չաբահարի և Մասկատի միջև և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների երթուղին պաշտոնապես կգործարկվի հաջորդ շաբաթ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Օման կատարած վերջին ուղևորության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Քարտուղարության տվյալներով, այս կարևոր քայլը կատարվել է տարածաշրջանային զարգացման պետական քաղաքականության շրջանակում և ազատ ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրի մշտական աջակցության և հետագա ջանքերի շնորհիվ։ Երթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մասրուրի ներկայությամբ, ինչն ընդգծում է Իրանի և Օմանի միջև տնտեսական, զբոսաշրջային և մշակութային համագործակցության զարգացման գործում ծրագրի ռազմավարական դերը։
Չաբահարի ազատ գոտու կազմակերպության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մոհամմադ Սաիդ Արբաբին հայտարարել է, որ Մասկատից Չաբահար ուղևորատար նավի գործարկումը համահունչ է Իրանի նախագահի խոստմանը, որը տրվել է Օման կատարած նրա վերջին այցի ժամանակ։
Նա ծովային զբոսաշրջությունն անվանել է Չաբահարի զարգացման բացակայող օղակ՝ հույս հայտնելով, որ այս նոր երթուղին կբացահայտի տարածաշրջանի չօգտագործված ներուժը միջազգային զբոսաշրջության ոլորտում։