Քիչ առաջ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։

Ավելի վաղ ՆԳՆ ոստկանությունը հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով երկու անձ է սպանվել, որոնցից մեկը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիոգորյանն է։ Նա սպանվել է հենց իր տան դիմաց։

Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք որևէ տեղեկություն հայտնի է, թե ովքեր են արձակել կրակոցները, Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել։

«Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- նշել է Սարգսյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։