Երեկ գիշեր զինված հարձակվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել են նա և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր։
Այն, որ Վալոդյա Գրիգորյանը և նրա մտերիմները շատերի կոկորդին էին մնացել, հայտնի է բոլորին։
Բանն այն է, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչել էին կրակոցներ։ Ըստ մերձավանցիների՝ համայնքում տևական ժամանակ նախկին ու ներկա պաշտոնյաները գյուղը բաժանել էին երկու մասի և գյուղի տղաներին հանել միմյանց դեմ։ Անգամ, ըստ լուրերի, Մերձավան համայնքի ղեկավար Ախտոյանի թիմակիցները մարդ էին ծեծել, և ծեծի շուրջ վեճը այնքան էր տարածվել, որ հնչել էին կրակոցներ ու սպանվել էր մեկ անձ։
Այս դեպքով մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և նրա մտերիմ շրջապատի անդամները։ Արդյունքում՝ կրակոցներից ամիսներ անց համայնքում ընտրություններ եղան, և համայնքապետ ընտրվեց Վալոդյա Գրիգորյանը։ Սակայն համայնքում ներքին լարված մթնոլորտը իշխանության թիմակիցների և Վալոդյա Գրիգորյանի միջև շարունակում էր պահպանվել։
Որքանով ընտրված համայնքապետի սպանությունը կապ ունի յոթ ամիս առաջ հնչած կրակոցների հետ, հուսանք՝ կպարզի քննությունը։
Ողջ իրավապահ համակարգը ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները, ոստիկանության հատուկ ստորաբաժանումները զինված մտել են Փարաքար համայնք, հնարավոր վենդետա կանխելու համար։ Իրավապահ համակարգը որոշակի հետքի վրա է։