«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում էլ 18 տարեկան հայ զինվորը Հայաստանի ինքնիշխան սահմաններից դուրս ծառայություն է իրականացրել։

Նիկոլ Փաշինյանի ասածով ստացվում է՝ նրանք, ովքեր Արցախում են ծառայել, ահաբեկիչներ են եղել։

Սակայն հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը անմասն չի մնացել այս գործողությունից, քանի որ 2018-2020 թվականներին նա իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ծառայության էր ուղարկել Արցախում։ Դեռ ավելին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին Աննա Հակոբյանը ձեւավորել էր «Էրատո» ջոկատ ու մեկնել Սյունիք, Արցախ, իբրեւ թե հայրենի հողը պաշտպանելու։

Ի՞նչ է ստացվում. եթե Ալիեւն այսօր պահանջում է Արցախյան պատերազմների բոլոր մասնակիցների նկատմամբ դատավարություն, որը նաեւ ակնարկվում է նախաստորագրված Խաղաղության պայմանագրի փաստաթղթի դրույթներում, ապա առաջինը պետք է դատվեն Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյա՞նը՝ որպես երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամներ։

2018-2020 թվականներին եւ մինչ այդ (ՀՀ երեք նախագահների կառավարման ժամանակաշրջանում) «Իրակա՞ն Հայաստանում», թե՞ «Պատմական Հայաստանում» էր ապրում Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, բայց, երեւի թե, Արցախը դեռ Հայաստան էր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: