Համաներումը կտարածվի վաղվանից: Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ազատ կարձակվի մոտ 500-600 մարդ, սակայն համաներումը կտարածվի 1000-ից ավել անձանց վրա: Իսկ թե ովքեր ազատ կարձակվեն դեռևս անուններ չեն հրապարակվել, սակայն դատապարտյալների շրջանում բողոքի ալիք է բարձրացել: Նրանք, ովքեր համաներման չեն արժանանում, սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել:
YerevanNews.am-ի հետ զրույցում «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, տեղեկացրեց, որ երեկ` հոկտեմբերի 2-ին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վաղաժամկետ ազատ արձակման նիստ է տեղի ունեցել: Սակայն ըստ նիստի որոշման` Արտակ Հակոբյանը համաներմամբ ազատ չի արձակի: Նշենք, որ Արտակ Հակոբյանը դատապարտվել է 2010թ. 258-րդ հոդվածով, (խուլիգանական արարքի համար) 5 տարի ազատազրկմամբ: Վերջինս 3 տարի 2 ամիս կրել է իր պատիժը: Դատապարտյալի կինը տեղեկացրեց, որ իր ամուսինը պետք է 22 ամիս կրեր իր պատիժը, սակայն անընդմեջ նրա հասցեին շինծու տույժեր են գրում այդ իսկ պատճառով նրա ազատ արձակումը հետաձգվում է: Կարինե Հակոբյանի փոխանցմամբ` երեկ կայացած նիստի ժամանակ Արտակ Հակոբյանի որոշման մեջ գրված է. «Դատապարտյալը 3 տարի 2 ամսվա մեջ 27 անգամ տույժի է ենթարկվել` այդ իսկ պատճառով նպատակահարմար չենք գտնում ազատել, նրա ռիսկայնության աստիճանը դիտվել է բարձր, բուժման գործընթացը բացասական է, անհրաժեշտ է շարունակել սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքներ: Դատապարտյալի կողմից տուժողին պատճառված վնասի հատուցումը վերականգնված է, դատապարտյալը քաղվածք չունի, տուժողների կողմից բողոք չունի: Արտաքին աշխարհի, համայնքի և ընտանիքի հետ կապը, փոխհարաբերությունները պահպանվում են տեսակցությունների և հեռախոսակապի միջոցով, ընտանիքի հետ փոխհարաբերությունները լավ են, դատապարտյալն ապահովված է բնակարանով, բնակավում է Երևան քաղաքում»: Սակայն դատապարտյալի կինը դժգոհում է, քանի որ սոցիալ հոգեբաններն ըստ պատշաճի չեն կատարում իրենց աշխատանքները: «Ամուսնուս ազատ վաղաժամ ազատ չարձակելու միակ պատճառն այն է, որ նրան ազատ արձակելու համար բարձրաստիճան պաշտոնյաններից երկու հոգու կալանավորվեցին` Դավիթ Մուրադյանին և Մարեկ Հարությունյանին: Այժմ էլ 311 հոդվածի 4-րդ մասով ընթանում է Դավիթ Մուրադյանի դատավարությունը, դրա համար Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալները` Աղաս Խաչատրյանն ու Պետոյանը, պատվեր են ստացել, որ դատապարտյալին վաղաժամկետ ազատման չներկայացնեն: Այժմ էլ ամուսնուս ասում են, եթե քեզ լավ բնութագիր տանք, մեր հերը կանիծեն»,-ասաց Կարինե Հովհաննիսյանը և նշեց, որ դատապարտյալի տույժերից անցել է 6 ամիս, նա կանգնել է ուղղման ճանապարհին, սակայն ասում են, որ իրենց ուժերից վեր է, վերևներից հրաման են տվել, որ Արտակին կտրեք»: Այստեղ, ըստ Կարինե Հակոբյանի, երկու տարբերակ կա, առաջինն այն է, որ իրենց կոլեգաներին են պահում կամ էլ գումար են ուզում, որպեսզի խրախուսական բնութագիր գրեն: Նա էլ ասում է երկու անգամ «քցվել» եմ, երրորդ անգամ չեմ պատրաստվում «քցվել»: Քրեակարողականի պետի տեղակալներից ներքին կարգով հրաման է ստացել, որ դատապարտյալին ընդգրկեք ազատման նիստում, բայց մերժեք, սակայն նշենք, որ դատապարտյալն առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց նրանից շարունակում են գումար վերցնել դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար: «Արտակին սպառնում են, եթե նա բողոք գրի, էլի տոյւժեր կգրեն ու այդպես նրան ազատ չեն արձակի: Այժմ Արտակը պատրաստվում է դիմել ինքնավնասումների, պատրաստվում է գնալ պատժախուց, մեխել ոտքերը, բերանը, աչքերը և օրինական կարգով հացադուլի դիմել»: Նշենք, որ այսօր «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմում է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որտեղ դատապարտյալը խնդրում է արտահերթ համագումար կազմակերպել` 131 պատգամավորներով իրեն աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի ֆինանսապես իրեն օգնեն, վաղաժամկետ ազատ արձակման համար: Նշենք, որ Արտակ Հակոբյանն այն դատապարտյալն էր, որից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը փորձել էր կաշառք կորզել, սակայն բռնվել էր, և այժմ գործը դատաքննության փուլում է: Արտակ Հակոբյանը նախկինում պահվում էր «Գորիսի» քրեակատարողական հիմնարկում, սակայն Հարությունյանի դեմ բողոքելուց հետո նրան ուղարկեցին «Նուբարաշեն», որտեղ, դատապարտյալի պնդմամբ, անտանելի պայմաններ ստեղծվեցին նրա համար: Արտակ Հակոբյանի հարազատների փոխանցմամբ` նա ունի «Գորիսի» կալանավայրի բուժմասի պետի տեղեկանքն այն մասին, որ տառապում է սրտի հիվանդությամբ: