Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նիստում կազինոներ այցելելու և ահռելի գումար տանուլ տալու վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած հարցով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, Ստրասբուրգից պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։
«Ազատություն».- Տիկին Փոստանջյան, ինչո՞ւ որոշեցիք հենց կազինոյի մասին հարցը տալ։
Փոստանջյան.- Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում ես կարող էի հարցադրում
անել, և այդ 30 վայրկյանի ընթացքում ես փորձել եմ անել այն հարցադրումը,
որը այսօր հուզում է ՀՀ-ի բնակչության գրեթե 80 տոկոսին։
Հայաստանի 80 տոկոսը գիտի, որ Հայաստանում տիրում է անարդարություն,
ընտրությունները կեղծված են, արդեն որերորդ անգամ ՀՀ-ի քաղաքացիները գիտեն,
որ իրենց ձայնը, իրենց քվեն գողացել են, և այսօր գողություն, խարդախություն և կազմակերպված հանցագործություն իրականացնողը Սերժ Սարգսյանն է, և հենց այնպես չէ, որ մենք Սերժ Սարգսյանին հարցնում ենք՝ «դու չներկայանալով որպես հայ ժողովրդի կամքի և իրավունքի լիազորությամբ անձ, ուղղակի խաղատներում ես անցկացնում քո ժամանակը և վատնում ես միլիոնավոր գումարներ, որոնք պատկանում են հայ ժողովրդին» և հենց այնպես չէր, թե «ո՞վ է Ձեր տեղը այդ գումարը մուծել»։
«Ազատություն».- Տիկին Փոստանջյան, Դուք ստույգ փաստեր ունե՞ք Ձեր պնդումների վերաբերյալ։
Փոստանջյան.- Ես հղում կկատարեմ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի կողմից
մատնանշված խաղամոլության վերաբերյալ [պնդմանը]։ Դա [նախագահի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ] Վիկտոր Դալլաքյանն է, ով ինքը անձամբ այդ մասին հրապարակավ հայտնել է և այսօր էլ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովում։ Փաստերը... եթե մի երկրից այսպիսի հսկայական արտագաղթ է տեղի ունենում, մի երկրում, երբ կան գումարներ, երբ պետական բյուջեի կեսը ուղղակի թալանվում է, և դրա մասին հստակ պաշտոնապես ներկայացված է, և մարդիկ պատժի չեն ենթարկվում, երբ սպանություն կատարող անձը, ով նաև Սերժ Սարգսյանի կողմից նշանակված էր մարզպետ և հենց իր հովանու ներքո է ազատվում պատասխանատվությունից, սա մի արատավոր շղթա է...
«Ազատություն».- Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ ոչ այնքան հարցի պատասխանն էր հետաքրքրում, որքան այն հնչեցնելը։
Փոստանջյան.- Հարցի պատասխանը նույնպես հետաքրքրում էր։


