Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս: Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 մլրդ դրամ է, այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիր, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները 0 ազդեցություն են ունենալու օդի որակի վրա:


«18 մետրանոց 250 նոր էլեկտրաավտոբուսների գնումը մեր շարժակազմի ամբողջական և վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է: Դրանից հետո միայն թարմացման խնդիր կունենանք: 18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,- ասաց Ավինյանը: