ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր պատասխանելով լրագրողների
հարցերին, անդրադարձել է նաև Նունե Եսայանի Անկախության 22-ամյակին նվիրված
տոնական համերգի համար պետբյուջեից 54 մլն դրամ հատկացնելու  մասին կառավարության աղմուկ որոշմանը:
«Ինչո՞ւ եք համարում, որ դա մեկ համերգ է, դա Անկախության տոնի նշումն էր»,- լրագրողների հարցին արձագանքել է Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք, վկայակոչելով ՀՀ Կառավարության կայքում հրապարակված այդ որոշումը, հոկտեմբերի 1-ին «Փաստինֆո»-ն գրել էր, որ այդ գումարով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը: Համաձայն սեպտեմբերի 28-ին կայացրած այդ որոշման, կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Ի դեպ, այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա:
Հարցին, թե որքանով էր արդարացված հիշյալ ծախսը, Դավիթ Սարգսյանը պատասխանել է, թե որպես սովորական քաղաքացի մասնակցել է այդ համերգին, ստացել է մեծ  բավականություն: «Շատ լավ համերգ էր»,- ասել է նա: