«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգը փաստացի չի կարողանում վերահսկել ու զսպել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:

Դեպքերը ծավալվում են սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանված Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ Մերձավանի նախկին գուղապետ, երիտասարդ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գեւորգ Հարությունյանը։

Ինչո՞ւ է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը, որտե՞ղ է հիմա, եւ ինչո՞ւ իրավապահները քայլեր չեն ձեռնարկում՝ առայժմ մնում է անպատասխան։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեպքից ութ օր անց, երբ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում են սկսել։ Ըստ մեր աղբյուրների՝ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Բախումը տեղի է ունեցել փաստացի ոստիկանության քթի տակ՝ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։

Մինչդեռ իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում։ Սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն եւ վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները։

Այս ամենը լուրջ հարված է իրավապահ համակարգին՝ բացահայտելով մի իրականություն, որտեղ օրենքի գործադրումը կորցնում է իր ուժը, իսկ համայնքը հայտնվում է կիսագանգստերական տրամադրությունների տակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: