Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, «Ինտեր Մայամիի» 36-ամյա ձախ պաշտպան Ժորդի Ալբային, որը հայտարարել է ՄԼՍ-ի այս մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին։
«Շնորհակալություն, Ժորդի։ Ես շատ կկարոտեմ քեզ։ Միասին այսքան ապրումներ ունենալուց հետո, տարօրինակ կլինի խաղադաշտում ձախ նայել եւ քեզ չտեսնել այնտեղ։
Անհավանական է, թե քանի անգամ ես ինձ գոլային փոխանցումներ կատարել այս տարիների ընթացքում։ Ո՞վ է ինձ փոխանցումներ տալու»,- գրել է Մեսին Ալբայի ինստագրամյան էջի մեկնաբանություններում։
Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության եւ Եվրոպայի սուպերգավաթի տիտղոսները։
Իսպանիայի հավաքականում Ալբան դարձել է Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի գավաթակիր։