Եվրոպական միության դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրի շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Ըստ ծրագրի՝ մատակարարումների աստիճանական դադարեցումը կսկսվի 2026 թվականի հունվարից, երբ կարգելվի ռուսական գազի ներմուծումը նոր պայմանագրերով: 2026 թվականի հունիսից սահմանափակումը կվերաբերի նաև կարճաժամկետ պայմանագրերին, իսկ 2028 թվականի հունվարից ուժի մեջ կմտնի երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների լիակատար արգելքը: Փաստաթուղթը նպատակ ունի Կրեմլին զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար օգտագործվող էներգետիկ եկամուտներից:
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԵՄ անդամ գրեթե բոլոր պետություններն աջակցել են նախաձեռնությանը, ինչը մեծացնում է դրա արագ հաստատման հավանականությունը: Սակայն Հունգարիան և Սլովակիան քննադատել են փաստաթուղթը, քանի որ նրանց տնտեսությունները շարունակում են կախված լինել ռուսական էներգակիրներից: Սակայն, օրենքի նախագիծը կպարտավորեցնի այդ երկրներին մշակել ազգային ծրագրեր՝ մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը լիովին դադարեցնելու համար։
Եվրոպա հասնող հեղուկացված բնական գազի ծագման հարցը մնում է չլուծված։ Եվրամիությունը քննարկում է՝ արդյոք հեղուկացված բնական գազի առաքումները պե՞տք է նախապես հաստատվեն առաքումից առաջ և ենթարկվեն մաքսային ստուգման ԵՄ նավահանգիստներ ժամանելուն պես՝ համոզվելու համար, որ դրանք ռուսական չեն։ Ֆրանսիան և Իտալիան աջակցել են ընդհանուր ծրագրին, սակայն առաջարկել են ճշգրտել առաքումների ծագումը ստուգելու մեխանիզմը։
Դեսպանների հաստատումից հետո փաստաթուղթը կուղարկվի ԵՄ նախարարներին՝ հոկտեմբերի 20-ին անցկացվելիք նիստում հաստատման համար։ Ծրագրի հաստատումը անդամ պետությունների առնվազն 55%-ի «որակյալ մեծամասնություն» կպահանջի: Դրանից հետո ԵՄ երկրները և Եվրախորհրդարանը բանակցություններ կսկսեն օրենքի վերջնական տեքստի շուրջ։
Ներկայում ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից նվազել է 2021 թվականի 45%-ից, հասնելով մոտավորապես 12%-ի։ Ընդսմին, մի շարք երկրներ, դրանց թվում՝ Հունգարիան, Ֆրանսիան և Բելգիան, դեռևս շարունակում են գազ գնել։
Միաժամանակ, Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ, որը կարգելի ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումը արդեն 2027 թվականի հունվարից՝ մեկ տարի շուտ, քան նախատեսված էր սկզբում։