Խորվաթական JANAF Plc ընկերությունը տեղեկություն է ստացել, որ սերբական NIS ad ընկերությունը հում նավթի փոխադրման պայմանագրի իրականացումը շարունակելու համար անհրաժեշտ արտոնագիրը չի ստացել, ինչը նշանակում է, որ պայմանագրի հետագա իրականացումը 2025 թվականի հոկտեմբերի 8-ից այլևս անհնար կլինի։
«JANAF Plc-ն շարունակում է ակտիվորեն համագործակցել Խորվաթիայի Հանրապետության կառավարության և ընկերության ԱՄՆ իրավաբանական խորհրդատուների հետ՝ գործող իրավական շրջանակին համապատասխան հնարավոր լուծումներ ուսումնասիրելու համար»,- նշել են ընկերությունում։
Balkan Insight-ի տվյալներով՝ սերբական նավթի խոշորագույն ներմուծողի՝ մասամբ ռուսական սեփականություն հանդիսացող NIS (Սերբիայի նավթային արդյունաբերություն) ընկերության դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել, երբ ընկերությունը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից չի կարողացել արտոնություն ստանալ։
NIS ընկերությունը, որը մատակարարում է Սերբիայի ավելի քան 300 բենզալցակայաններ, հայտարարել է, որ ապահովել է բավարար նավթի պաշարներ՝ սպառողներին մատակարարումները վտանգելուց խուսափելու համար։
Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան այժմ կփորձի լուծել խնդիրը՝ Ռուսաստանի հետ NIS-ի վերաբերյալ բանակցելով, որի 45%-ը պատկանում է ռուսական պետական «Газпром нефть» ընկերությանը, իսկ մոտ 30%-ը՝ Սերբիային, իսկ մնացած 11%-ը՝ Սանկտ Պետերբուրգի մի ընկերության, որը, ենթադրաբար, կապված է «Газпром»-ի հետ։
«Մենք ռուսների հետ կխոսենք ամեն ինչի մասին, քանի որ հիմա ամերիկացիների հետ խոսելու բան չունենք. նրանք ճեղքել դուրս են եկել»,- ասել է Վուչիչը։
Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար ոչ մի միջազգային բանկ չի ցանկանա գործարք կնքել NIS-ի հետ, մինչդեռ սերբական մասնավոր բանկերը «ևս չեն ցանկանա սնանկանալ այդ պատժամիջոցների պատճառով»։