ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք։ Աշխատում ենք խնդիրներ լուծելու ուղղությամբ, ձգտում ենք ձևավորել կառավարություն, իսկ ես հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին։
Խաղաղությունը բացառիկ արժեք է, սակայն խաղաղությունը բազմաթիվ գործընթացների, ամուր անվտանգության համակարգի, համախմբման, այլ ոչ թե պառակտումների արդյունք է։ Մենք կառաջնորդվենք ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,- ընդգծել է նա։
Ըստ Թաթոյանի՝ իրենց ուժը տեսնում է իր արտաքին քաղաքականությունը որտեղ ուշադրության կենտրոնում Հայաստանի շահերն են։ «Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ճկուն, ոչ թե հարմարվողական և հավատարիմ պետական արժեքներին ու շահերին։ Ինչո՞ւ պետք է ապրենք մի երկրում, որտեղ ամեն ինչ պտտվում է պատերազմի և պարտությունների շուրջ։ Մենք կարող ենք քայլ առ քայլ նոր կյանք, արժանապատիվ կյանք կառուցել։ Մենք պետք է ճգնաժամը վերածենք հնարավորության։ Մենք կունենանք պետություն՝ հիմնված գիտական նվաճումների վրա։ Մենք պետք է հրաժարվենք մշտական ճգնաժամերի տրամաբանությունից»,- հավելել է նա։
Թաթոյանը մատնանշել է Հայաստանի արտադրողական կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։
Նա ընդգծել է պետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարգալից երկխոսության և համագործակցության, Սփյուռքի հետ միասնության և արդար սոցիալ-տնտեսական քաղաքականության վարման կարևորությունը։