Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի թունավորման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։


«Բաշար ալ-Ասադը մեր մոտ է զուտ մարդասիրական պատճառներով. նրան և իր ընտանիքին ֆիզիկական ոչնչացում էր սպառնում», - ասել է նա Մոսկվայում արաբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք Բաշիր ալ-Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրեցինք զուտ մարդասիրական պատճառներով։ Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված որևէ խնդիր չունի և թունավորումներ չեն եղել։ Եթե նման լուրեր են առաջանում, ես դրանք թողնում եմ դրանք տարածողների խղճին», - ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների՝ նախկինում տարածված նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին։


2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, իսկ Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը։