Ֆրանսիայի նորանշանակ կառավարությանը ավտոմատ անվստահության քվեարկություն հայտարարելու կոչ անող ընդդիմադիր կուսակցությունները պատասխանատու են քաղաքական ճգնաժամի սրման համար և պետք է կենտրոնանան ֆրանսիացի ժողովրդի շահերին ծառայելու և իրավիճակը կայունացնելու վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ ժամանելուն պես՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
«Այս քաոսի համար ամբողջ պատասխանատվությունը կրում են [նախկին վարչապետ] Ֆրանսուա Բայրուի նկատմամբ անվստահության քվեարկության որոշում կայացրած քաղաքական ուժերը և [ներկայիս վարչապետ] Սեբաստիան Լեկորնյուի անկայունացման գործում դեր ունեցած քաղաքական ուժերը։ Ես ապահովում եմ շարունակականությունը և կայունությունը, և կշարունակեմ դա անել։ Բոլորը պետք է շարունակեն աշխատել այս ուղղությամբ», - ասել է նախագահը, որի հայտարարությունը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։
Պետության ղեկավարի կարծիքով, քաղաքական գործիչների քննադատական արտահայտությունները վերանշանակված վարչապետ Լեկորնյուի, ինչպես նաև նոր կառավարության հասցեին «չեն համապատասխանում իրավիճակին»։ Այս ֆոնին նա կոչ է արել բոլորին «հավաքել իրենց» և աշխատել այն մանդատին համապատասխան, որով իրենց օժտել են ֆրանսիացիները և շարունակել աշխատանքը քաղաքացիների առօրյա կյանքի բարելավման, ինչպես նաև «Ֆրանսիայի անկախության» վրա։ Մակրոնը հավելել է, որ երեքշաբթի առավոտյան կանցկացնի նոր կազմով նախարարների խորհրդի առաջին նիստը և հույս է հայտնել, որ «երկիրը կկարողանա առաջ շարժվել խաղաղության և կայունության պայմաններում», ինչպես նաև քաղաքական ուժերի միջև մեծ հարգանքի մթնոլորտում։
«Այս պահին բոլորի հայացքները Ֆրանսիայի վրա են։ Եվ այն պետք է կայունության և ուժի ուղերձ փոխանցի։ Հետևաբար, բոլորի պարտականությունն է աշխատել կայունության համար, այլ ոչ թե խաղադրույք կատարել անկայունության վրա», - ընդգծել է նախագահը։