ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իսրայելի նախագահին «ներում շնորհել» Նեթանյահուին՝ կապված Իսրայելի վարչապետի դեմ հնարավոր կոռուպցիոն հետաքննությունների հետ, հաղորդում է BBC-ն։

Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, խարդախության և լիազորությունների չարաշահման մեջ։

Թրամփն ասել է. «Բիբի՛, դու այլևս պատերազմի մեջ չես» և խոստացել է «երբեք չմոռանալ» ու «երբեք չկրկնել»։

ԱՄՆ նախագահը պատմել է հեռախոսազանգերի մասին, որոնցում Նեթանյահուն իրեն խնդրել է զենքի նոր մատակարարումների համար։ «(Դրանք) այնքան շատ էին, որ Իսրայելը դարձավ ուժեղ ու հզոր... և դա հանգեցրեց խաղաղության»,- նշել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ Իսրայելը «հասել է այն ամենին, ինչ կարող էր» և որ հիմա «ամբողջ Մերձավոր Արևելքում» խաղաղության ժամանակ է։

«Աննախադեպ ձեռքբերումն այն էր, որ գրեթե ողջ տարածաշրջանը հավանություն է տվել մի ծրագրի, համաձայն որի՝ Գազան անմիջապես ապառազմականացվելու է, ՀԱՄԱՍ-ը զինաթափվելու է, իսկ Իսրայելի անվտանգությունն այլևս որևէ սպառնալիքի չի ենթարկվելու»,- հավելել է Թրամփը։

Նա իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. «Ամբողջ աշխարհի հոգևոր և աշխարհագրական կենտրոնը՝ ահա թե ով եք դուք։ Ես սիրում եմ Իսրայելը և ձեր հետ եմ՝ մինչև վերջ»։