Պակիստանը բարձր մարտական պատրաստության է բերել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող զորքերը՝ անցած շաբաթվա վերջին իսլամական հանրապետության տարբեր սահմանամերձ նահանգներում տեղի ունեցած կատաղի զինված բախումներից հետո։
«Reuters»-ը, հղում անելով Պակիստանի անվտանգության ուժերին, հաղորդել է, որ երկու երկրների միջև 2600 կիլոմետրանոց սահմանի բոլոր անցակետերը փակվել են, իսկ սահմանային առևտուրը՝ ամբողջությամբ դադարեցված է: «Բոլոր անցակետերը փակվել են շաբաթ օրվանից՝ Աֆղանստանի կողմից չհրահրված հարձակումներից հետո», - բացատրել են «Reuters»-ի աղբյուրները: «Հոկտեմբերի 12-ի երեկոյան մի քանի փոխհրաձգություն է եղել, բայց իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել»:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Էնայաթուլլահ Խովարազմին գործակալությանը հաստատել է, որ սահմանին իրավիճակը շարունակում է նորմալ մնալ։ «Եթե Պակիստանը կրկին խախտի Աֆղանստանի տարածքային ամբողջականությունը, մեր զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները և վճռականորեն կարձագանքեն», - ընդգծել է նա։
Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել էր, որ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների դեմ Պակիստանի կողմից ձեռնարկված պատասխան հարվածները պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն քաղաքացիական բնակչության դեմ։