Հռոմի Կոլիզեումում պատրաստվում են բացել հնագույն գաղտնի թունելը, որով 2 հազար տարի առաջ անցել են հռոմեական կայսրերը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ֆրանսիացի հնագետները՝ ճարտարապետ Կառլո Լուկանդժելիի ղեկավարությամբ, անցումը գտել են 1810-ից 1814 թվականներն ընկած ժամանակահատվածում, սակայն ամբողջական ուսումնասիրությունն ու վերականգնումը հնարավոր են դարձել միայն 2020-2021 թվականներին։ Վերականգնման աշխատանքները տևել են մեկ տարի և վերջերս են ավարտվել։
Հանրության համար կայսերական անցուղու բացումը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այս փուլը կդառնա մասշտաբային նախագծի մի մասը, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնել նաև թունելի արտաքին հատվածները։ Այցելուները կկարողանան դիտել վերականգնման գործընթացը ապակյա պատի միջով։
Ըստ լրագրողների տվյալների՝ եզակի S ձև ունեցող անցումը, որը հայտնի է որպես Կոմոդոսի միջանցք, առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս XIX դարի սկզբին և այժմ կդառնա զբոսաշրջային երթուղու մի մասը։
55 մետր երկարությամբ թունելը կառուցվել է մ.թ. 80 թվականին Կոլիզեյի կառուցումն ավարտելուց անմիջապես հետո։ Այն կայսերական օթյակը միացնում էր ամֆիթատրոնի ասպարեզի հետ՝ թույլ տալով մեծահարուստ հյուրերին ամբոխի համար աննկատ կերպով անցնել իրենց տեղերը։
Վերականգնողները ամրացրել են կառույցը, վերականգնել դեկորի տարրերը և հարմար երթուղի ստեղծել այցելուների համար։ Ի սկզբանե թունելի պատերը երեսպատված են եղել մարմարով և զարդարված որմնանկարներով՝ բնապատկերներով ու դիցաբանական սյուժեներով։ Առաստաղի ծեփածո զարդերում պատկերված են Դիոնիսոսի և Արիադնեի մասին առասպելի տեսարաններ։ Միջանցքում տեղադրվել է նոր լուսավորություն, որը նմանակում է բնական լույսը, ինչպես նաև ինտերակտիվ տարրեր՝ շոշափելի քարտեզ և վիդեոպրոյեկցիա, որը թույլ է տալիս տեսնել ներքին հարդարանքի թվային վերակառուցումը։