Ֆինլանդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը չեղարկվել է իր նախաձեռնությամբ՝ հակառակ Թբիլիսիի հայտարարությանը: Նա այդ հայտարարությունն արել է Helsingin Sanomat-ին տված հեռախոսազրույցում:

Վալտոնենը նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը չեղարկվել է ոչ թե վրացական կողմի որոշմամբ, այլ Ֆինլանդիայի նախաձեռնությամբ, և որ վրացական կողմը դրա մասին տեղեկացվել է հոկտեմբերի 14-ի երեկոյան:

Նա միաժամանակ հերքել է վրացական իշխանությունների մեղադրանքները, ըստ որոնց ինքը «կեղծ հայտարարություններ» է արել կամ մասնակցել է որևէ տեսակի արշավի:

«Ես հատուկ ներկա եմ գտնվել Վրաստանում շաբաթներ և ամիսներ շարունակ տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Ես ուզում էի արտահայտել իմ աջակցությունը խոսքի ազատությանը... Վրաստանի իշխանությունների որոշելիքն է, թե ինչպես արձագանքել դրան։ Ցավոք, ես ստիպված էի արձագանքել՝ չեղարկելով վարչապետի հետ իմ հանդիպումը, որպեսզի հասնեի Ադրբեջան»,- նշել է Վալտոնենը։

Դրանից առաջ Կոբախիձեն հայտարարել էր, որ չեղարկել է Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ «նախօրեին անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարությունների պատճառով»։

Վալտոնենը Վրաստան է ժամանել Հայաստան կատարած այցից հետո և այնտեղից չորեքշաբթի առավոտյան մեկնել Բաքու։ Սկզբում Ադրբեջանի ղեկավարների հետ նրա հանդիպումը նախատեսված էր ավելի վաղ ամսաթվով, սակայն նրանք շտապ մեկնել են Շարմ էլ Շեյխ՝ Թրամփի հետ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերաբերյալ գագաթնաժողովի կապակցությամբ։


Վրաստանում Էլինա Վալտոնենը հանդիպել է արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ և իր մտահոգությունները հայտնել Վրաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։