Եգիպտոսը Սուեզի ջրանցքից տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում՝ Կարմիր ծովում նավագնացության իրավիճակի պատճառով։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին Նյու Դելիում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ամենաշատն ենք տուժել Կարմիր ծովում իրավիճակի սրումից. Եգիպտոսը տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլար է կորցնում եւ զուտ կորուստներ է կրում»,- ընդգծել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Սուեզի ջրանցքով օրական երկու ուղղություններով անցնում է 20-25 նավ, մինչդեռ սրացումից առաջ օրական ավելի քան 75 նավ էր անցնում։ Աբդել Աթին նշել է, որ Կահիրեն «համագործակցում է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հետ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»։
Մերձավոր Արեւելքում սրացման նոր փուլից առաջ Սուեզի ջրանցքից Եգիպտոսի եկամուտը հասնում էր 10 միլիարդ դոլարի։ Ջրանցքից ստացված կանխիկ մուտքերը Եգիպտոսի բյուջեի եկամտի հիմնական աղբյուրներից են եւ արտարժույթի զգալի աղբյուր։ Սակայն, 2023թ․ աշնանից ի վեր Եգիպտոսը կորցնում է ջրանցքից ստացվող եկամուտը, քանի որ շատ նավեր ստիպված են փոխել երթուղիները՝ վախենալով Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման հրետակոծությունից, որը Բաբ էլ-Մանդեբ նեղուցում հարձակվում է առեւտրային նավերի վրա՝ ի նշան համերաշխության պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ։