ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությանը կարգադրագիր էր տրամադրվել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան կալանավորել ու տարել են Վարդաշենի բանտ։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հայտնել էր, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.09.2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։

Սակայն հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան, եւ դատարանը այն վարույթ չընդունեց։

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են, որ հենց նրա գործողությունների հետևանքով Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել է հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․